Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցվեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի փոխդեսպան, հյուպատոս Էմանուիլ Ասիմակոպուլոսն ու Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամեն տարի մայիսի 19-ին Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցում Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ըստ տարբեր աղբյուրների՝ Օսմանյան կայսրության կողմից 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին իրականացված կոտորածների ու բնաջնջման զոհ է դարձել շուրջ 1,2 միլիոն հույն։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հոգևորականներն աղոթք բարձրացրին ցեղասպանության զոհ դարձած անմեղ հույն ժողովրդի հիշատակին։

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում հիշեցրեց, որ մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է․ «Պոնտոսի հույների ցեղասպանությունը Օսմանյան և քեմալական Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ամբողջության մի մասն էր։ Այն առանձին ցեղասպանություն չէր, ինչպես առանձին չէր հայերինը և ասորիներինը։ Սկզբում սուլթանական, այնուհետև երիտթուրքերը, որից հետո էլ նաև քեմալական թուրքերը ծրագրել էին և իրականացնում էին Օսմանյան կայսրությունում բնիկ քրիստոնյան ժողովուրդների ցեղասպանություն։ Այն, որ Պոնտոսի և Էգեյան ծովի հարակից շրջաններում ապրող հույների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության տրամաբանական շարունակությունն էր, փաստում էին հենց ոճրագործները»։

Շարմազանովի բնորոշմամբ՝ 21-րդ դարում, դժբախտաբար, հայ ժողովուրդը ականատես է լինում Թուրքիայի ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը, որի վառ ապացույցն է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ ժողովրդի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումը։

«Ես ցանկանում եմ Հայաստանում հունական համայնքի անունից շնորհակալություն հայտնել հարգանքի տուրք մատուցելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած բոլոր մարդկանց։ Մենք պետք է հիշատակենք և հիշենք բոլոր անմեղ զոհերին՝ չմերժելով, որ այդ ամենն իսկապես եղել է ցեղասպանություն։ Սա կարևոր օր է ամբողջ աշխարհով մեկ սփռված հույների համար։ Այս հիշատակումը շատ կարևոր է նաև ապագա սերունդների համար»,-ասաց Հայաստանում հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան։

Հիշատակի արարողությունից հետո Հայաստանում Հունաստանի հյուպատոսն ու մյուս հյուրերն այցելեցին Ցեղասպանության թանգարան։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հյուրերին ներկայացրեց դեռևս ապրիլի 23-ին թանգարանում մեծ հանդիսավորությամբ բացված «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության նմուշները՝ մանրամասն տեղեկացնելով յուրաքանչյուր նմուշի պատմությունը։

Բացի այդ, Ցեղասպանության թանգարանում ցուցադրվեց նաև Օսմանյան կայսրությունում իրականացված Պոնտոսի հույների ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ։

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը 2015 թվականի մարտի 24-ին միաձայն  ճանաչել և դատապարտել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը։

–00–ԱՀ