Ինչո՞ւ Զարուհի Փոտանջյանին չեն թողել տեսակցել Լիլիթ Աղեկյանին. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

 

«Աբովյան» ՔԿՀ-ում պահվող Լիլիթ Աղեկյանին տեսակցել երել թույլ չեն տվել Զարուհի Փոստանջյանին։ Այդ մասին փաստաբանն ահազանգել էր ու մանրամասնել, որ Աղեկյանին հանդիպել թույլ չեն տվել նաև նրա 70-ամյա մորը։ Քիչ առաջ ԱՆ-ն պարզաբանում է  տարածել ի պատասխան Փոստանջյանի.

«Ի պատասխան Զարուհի Փոստանջյանի` հայտնում ենք, որ մայիսի 16-ին տկն. Զարուհի Փոստանջյանն այցելել է ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և պահանջել, որ իրեն թույլ տան մասնակցել կալանավորված անձ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ իրականացվող քննչական գործողություններին։

Պահանջը չի բավարարվել, քանի որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն՝ անարգել տեսակցություն տրամադրվում է պաշտպան հանդիսացող կամ չհանդիսացող փաստաբանի հետ միայն վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գրավոր իրազեկման դեպքում։

Ստորև ներկայացվում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները․

Կալանավորված անձի միջնորդության հիման վրա քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրան թույլատրվում են նաև խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցություններ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման (բացառությամբ նրա մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի), եթե դա պայմանավորված է կալանավորված անձին քրեական վարույթի հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ: Քրեական վարույթն իրականացնող մարմնի նշած միջնորդության քննարկումը և լուծումը, ինչպես նաև կալանավորված անձի՝ դրա կապակցությամբ կայացրած որոշման բողոքարկումն իրականացվում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունը պաշտպանի հետ տրամադրվում է Քրեական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված փաստաթղթերի, իսկ փաստաբանի հետ՝ նրա անձը հաստատող փաստաթղթի, փաստաբան լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթի, ինչպես նաև կալանավորված անձի համապատասխան միջնորդությունը բավարարելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա։

Վերը վկայակոչված իրավանորմերի համադրված վերլուծությունից պարզ է, որ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ կալանավորված անձը կարող է անարգել տեսակցել, եթե դա պայմանավորված է կալանավորված անձին քրեական վարույթի հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ, և դրա համար պարտադիր է նաև կալանավորված անձի համապատասխան միջնորդությունը բավարարելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը»։

–00—ՍՊ