«Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» ՀՀ-ն տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է․ «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակված «Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025» հաշվետվությունը։

«Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025»-ում ներկայացված են մարդկային ներուժի զարգացման ինդեքսի 2023թ. տվյալները։ Դրանում նաև վերանայվել և թարմացվել են նախորդ տարիների վերաբերյալ անցյալ տարվա զեկույցում հրապարակված տվյալները:

Այսպես՝

🔹Ըստ «Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025»-ի` Հայաստանի «մարդկային ներուժի զարգացման ինդեքսը» 2023թ. արդյունքներով 0.811 միավոր է, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 193 երկրների թվում 69-րդն է և ներառված է «Մարդկային ներուժի շատ բարձր զարգացմամբ» երկրների խմբում։ Հայաստանն իր խմբի միջին ցուցանիշին զիջում է 0.103 միավորով՝  էապես զիջելով նաև բոլոր երեք ենթաինդեքսների միջին արժեքներին։ Ավելին, հաշվի առնելով, որ Հայաստանի ինդեքսն ընդամենը 0.011 միավորով է գերազանցում իր խմբի ինդեքսի նվազագույն շեմին, իսկ խմբում ներառված 74 երկրներից Հայաստանից ավելի ցածր ինդեքս ունեն միայն 4-ը, պետք է նշել, որ մեր երկիրը գտնվում է «վտանգավոր գոտում»։

Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ Հայաստանի «մարդկային ներուժի զարգացման ինդեքսը» բարձրացել է` հիմնականում պայմանավորված կենսամակարդակի ենթաինդեքսի (մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամտի) կտրուկ (31.4%) աճով։ Այդ աճը մեծ մասամբ բացատրվում է դրամի արժևորմամբ։ Այնուամենայնիվ, Հայաստանի շնչային համախառն ազգային եկամտի ցուցանիշը փոքր է աշխարհի միջինից, և Հայաստանը մարդկային ներուժի զարգացման շատ բարձր մակարդակով երկրների շարքում է շնորհիվ «մարդկային ներուժի զարգացման ինդեքսի» ոչ տնտեսական բաղադրիչների։

🔹«Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է՝ Թուրքիայից և Վրաստանից հետո:

🔹ՀՀ-ում սոցիալական անհավասարությունը մարդկային ներուժի զարգացման վրա ունի 8.4% զսպող ազդեցություն (այսինքն՝ սոցիալական անհավասարության պատճառով «մարդկային ներուժի զարգացման ինդեքսի» կորուստը 8.4% է)։ Ինդեքսի համեմատաբար փոքր կորստի պատճառն այն է, որ Հայաստանում առողջապահական և կրթական ծառայությունների համեմատաբար հասանելի լինելը մասամբ մեղմացնում է մարդկային զարգացման վրա սոցիալական անհավասարության բացասական ազդեցությունը։

🔹«Գենդերային զարգացման» և «գենդերային անհավասարության» ինդեքսներով Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է՝ շնորհիվ քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության և նրանց ընդհանուր կրթվածության համեմատաբար բարձր մակարդակների:

🔹«Մոլորակային կայունության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» Հայաստանը տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին։

🔹«Գենդերային անհավասարության» և «անհավասարության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման» ինդեքսներով Հայաստանը զգալիորեն զիջում է «Մարդկային ներուժի շատ բարձր զարգացմամբ» երկրների խմբի միջին արժեքներին:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:

–00—ՅՄ