Փաշինյանը ՀՀ-ի, Վրաստանի և Ադրբեջանի փոխնախարարների թբիլիսյան հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ապրիլի 17-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում՝ ակնկալելով, որ այն կզարգանա և կվերածվի ավելի լայն ձևաչափի։
«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է վրացական News Day գործակալությունը՝ նշելով, որ Փաշինյանն այդ մասին ասել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ համաժողովի մեկնարկից առաջ։
«Արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում, շատ հետաքրքիր ձևաչափ է։ Հուսով եմ, որ այս ձևաչափը կզարգանա և կվերածվի ավելի լայն ձևաչափի։ Ես գնահատում եմ Վրաստանի վարչապետի ջանքերը՝ այս ձևաչափի հաջողությունն ապահովելու համար»,-ասել է ՀՀ վարչապետը։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ապրիլի 17-ին տեղի է ունեցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը, որին հայկական կողմից մասնակցել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, վրացական կողմից՝ ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, իսկ ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։
–00–ԱՀ