ՀՀ կառավարական ինքնաթիռը մեկնել է Պրահա՝ տեխսպասարկման. պաշտոնյաները պետք է օգտվեն մասնավորից․ Hetq
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

«Հետք»․ ՀՀ կառավարական ինքնաթիռը մայիսի 10-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից թռել է Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայան՝ տեխնիկական սպասարկում անցնելու նպատակով:
Այս մասին տեղեկանում ենք flightaware.com կայքից: Տեխնիկական թռիչքը համարակալված է FIE4041: FIE-ն հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության կոդն է, որը 2023-ի սեպտեմբերից սպասարկում է կառավարական օդանավը, իսկ 4041-ը՝ կոնկրետ թռիչքի համարը: Ավանդաբար ՀՀ վարչապետին տեղափոխող չվերթերը համարակալվում են FIE4001, ՀՀ նախագահինը՝ FIE4002, իսկ այլ բարձրաստիճան պաշտոնյաներինը՝ FIE4003:
Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ կառավարական օդանավը (Airbus A319 ACJ, գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701») տեխսպասարկում անցնելու համար մեկնում է Պրահա:
2020 թ. մայիսին եւս ՀՀ պետական ինքնաթիռն այդ նպատակով Պրահայում էր: Նույն տարվա օգոստոսին օդանավը մեկնեց չեխական Օստրավա, որտեղ ներկվեց նոր գույներով: Դա պետությանն արժեցավ մի քանի տասնյակ հազար եվրո: Կրկին տեխսպասարկման նպատակով ինքնաթիռը Պրահա թռավ նաեւ 2022-ի ապրիլի 14-ին ու Երեւան վերադարձավ նույն տարվա մայիսի 20-ին: Կառավարական բորտի բացակայության պայմաններում վարչապետը արտերկիր էր մեկնում մասնավոր ընկերության՝ «Ավիակոմպանիա Արմենիայի» օդանավով:
Հիմա էլ այդպիսի պատկեր է. Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր թռել է Ալբանիա, սակայն օգտվել է մասնավոր ավիաընկերության ծառայություններից:
Թե տեխսպասարկումից երբ կվերադառնա ՀՀ կառավարական բորտը, հայտնի չէ, իսկ մինչ այդ, մասնավորապես, վարչապետն ու նախագահը պետք է արտասահման մեկնեն մասնավոր փոխադրողների օդանավերով:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ