Արցախը հանձնելու պատասխանատվությունը ձերն է․ Միհրան Մախսուդյանը՝ Վահե Ղալումյանին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․
«Վահե Ղալումյան, դուք մոռացե՞լ եք
Դուք՝ Վահե Ղալումյան, որպես նախկին մարսպետ, ժամանակին այցելել եք Ոսկեպար և հայտարարել, թե «ոչ մի կտոր հող չենք հանձնի»։ Բայց արդյունքն այն է, որ ձեր ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հետ միասին հանձնեցիք այդ հողերը։ Եվ հիմա, երբ թշնամին ընդամենը 25 մետր հեռավորության վրա է մեր սրբավայրերից՝ այդ թվում եկեղեցիներից, ձեր լռությունն աղաղակող է։
Ես նախկինում ասել եմ և այժմ էլ պնդում եմ՝ եթե պատրաստ չեք նոր հողեր հանձնելու, հակադարձեք։ Բայց լռում եք։ Իսկ լռությունը համաձայնության նշան է։
Արցախը հանձնելու պատասխանատվությունը ձերն է
Դուք՝ այսօրվա իշխանություններդ, մեղադրում եք նախկին երկու նախագահներին, սակայն մոռանում եք մի կարևոր փաստ. Արցախը 30 տարի պահպանվել է հենց նրանց քաղաքականության շնորհիվ։ Մինչդեռ ձեր իշխանությունը, գիտակցված կերպով, տարավ երկիրը պարտության։ Ձեր ղեկավար Նիկոլ Փաշինյանն Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս կատարել է բացեիբաց։ Սա ազգային դավաճանության ակնառու օրինակ է։
Իշխանության հարստացումը և ընտրակաշառքի նոր ձևերը
Հասարակությունը տեսնում է, որ այն մարդիկ, ովքեր 30 տարվա ընթացքում հարստացել են, հաճախ եղել են գործարարներ, սակայն դուք՝ իշխանության ներկայացուցիչներդ, երկու տարվա ընթացքում ձեռք եք բերել հսկայական ազդեցություն և կարողություն։ Դուք ներկայություն ունեք գրեթե ամենուր, յուրաքանչյուր տնտեսական ոլորտում։ Ձեր շահերը ներկա են ամեն քայլափոխի։
Եվ հիմա, երբ դուք բնակարանաշինություն եք իրականացնում, պարզ է, որ դա ոչ թե սոցիալական խնդիրների լուծում է, այլ՝ քողարկված ընտրակաշառքի նոր մեթոդ։ Տուն եք տալիս նրան, ում համարում եք ձեր կողմնակից»։
–00—ՍՊ