ՀՀ–ում հավելյալ գումարով հնարավոր է վարորդական իրավունքի քննությունը վերահանձնել մյուս օրը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ՀՀ–ում հավելյալ գումարի դիմաց հնարավոր է վարորդական իրավունքի քննությունը վերահանձնել նաև հաջորդ օրը։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով` այս պահին ունենք ստանդարտ վճարի դիմաց մատուցվող ծառայություն, երբ օրինակ` հնարավոր է արագացված ընթացակարգով հավելյալ վճարի դիմաց ստանալ անձնագիր կամ նույնականացման քարտ։ Այժմ նախարարությունն առաջարկում է նույն մեխանիզմը կիրառել նաև վարորդական վկայականների ստացման տեսական և գործնական քննությունների համար։
«Եթե անձը թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն մեկ շաբաթ անց ունի վերահանձնման հնարավորություն։ Մենք ստացել ենք բազմաթիվ դիմումներ, որտեղ նշվում է, որ որոշակի գումարի դիմաց անձը կարող է քննությունը վերահանձնել անգամ հաջորդ օրը»,– տեղեկացրեց Սարգսյանը։
Հանրային պահանջարկով պայմանավորված առաջարկվում է նաև նախատեսել վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և (կամ) գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար պետական տուրք՝ 45.000-30.000 ՀՀ դրամի սահմաններում՝ պայմանավորված այն օրվա ընտրությամբ, երբ վարորդի թեկնածուն կնախընտրի հանձնել այդ քննությունը։
–00–ԱՀ