Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել «Զորավոր» Ավետարանը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Մայիսի 14-ին՝ Սուրբ Մովսես Գ Տաթևացու մահվան հիշատակության օրը, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի բերվեց «Զորավոր» Ավետարանը:
Հայ Եկեղեցու նշանավոր հայրապետներից Սուրբ Մովսես Գ Տաթևացու մահվան հիշատակության օրը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտի օրերից է:
Եկեղեցու հոգևոր դասը և ուխտավորները հանդիսավոր թափորով դիմավորեցին Ավետարանը: Թափորը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մուտք գործեց եկեղեցի: Ուխտի Սուրբ Պատարագը մատուցեց եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը:
Սուրբ Պատարագի ավարտին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր Վարդան Ամարյանի հովանավորությամբ ուխտավորները ստացան Հովհան Վանանդեցու «Կերակուր քահանաների» գրքույկը: Հավատացյալները, մինչև Երեկոյան ժամերգությունը, հաղորդակից եղան «Զորավոր» Ավետարանի կենարար զորությանը՝ հայցելով օրվա հիշատակելի հայոց հայրապետի բարեխոսությունը: Մովսես Տաթևացին իր գործունեությամբ նպաստել է հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու վերազարթոնքին:
–00—ՅՄ