Հայաստանում չկա էլեկտրաէներգիայի պահեստավորման ռազմավարություն, «արևային պաթոսը»՝ առանց հաշվարկների
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․
՛՛Արևային պաթոսը՛՛՝ առանց համակարգային հաշվարկի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց ՛՛Մասրիկ-1՛՛ արդյունաբերական արևային էլեկտրակայանի շահագործման թույլտվության մասին։ 55 ՄՎտ հզորությամբ այս կայանը միանում է արդեն գործող 72 կայաններին: Կառուցման փուլում է ևս 47-ը։ Եթե բոլոր նախագծերն ավարտվեն, Հայաստանում կգործի 119 արևային կայան՝ շուրջ 557 ՄՎտ դրվածքային հզորությամբ։
Թվաբանական աճը, սակայն, ինքնին համակարգային որակ չի ապահովում։ Ավելին՝ այս տեմպով արևային հզորությունների ընդլայնումը տեղի է ունենում առանց էներգետիկ ենթահամակարգերի սինխրոնիզացման՝ ստեղծելով ոչ թե կայունություն, այլ ռիսկեր։
Պատահական չէ, որ Իսպանիայում վերջերս տեղի ունեցած խոշոր բլեքաութը ուղղակիորեն պայմանավորված է հենց նմանատիպ անհամակարգ ինտեգրման հետ։ Մոտ 2.2 ԳՎտ արևային հզորություն անսպասելիորեն դուրս է եկել ցանցից՝ ընդամենը վայրկյանների ընթացքում խաթարելով ամբողջ Պիրենեյան էներգահամակարգի աշխատանքը։ Նախնական վերլուծությունները մատնանշում են հենց արևային կայանների անհավասարակշիռ ինտեգրման խնդիրը։
Հայաստանն այս պահին շարժվում է նույն տրամաբանությամբ։ Չկա էլեկտրաէներգիայի պահեստավորման ռազմավարություն, իսկ ավանդական հզորությունների հետ սինխրոնիզացումը գրեթե բացակայում է։ Վերջին տարիներին շարունակ խոսվում է արևային հզորությունների գերհագեցվածության մասին, սակայն լիցենզավորումը շարունակվում է նույն ինտենսիվությամբ։
Արևային էներգետիկայի ինտենսիվ զարգացումն ինքնին խնդրահարույց չէ։ Խնդիրն այն է, երբ այն արվում է առանց տեխնիկական հաշվարկի, առանց շուկայական երկարաժամկետ ռազմավարության։ Առանց տնտեսություն-էներգետիկա կորելացման:
Այս պայմաններում ՛՛արևային պաթոսը՛՛ վերածվում է ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ ՛՛էներգետիկ անվստահության՛՛ աղբյուրի։
–00—ՍՊ