Հարկատուին հերոս հռչակելու փոխարեն կանգնեք նրա կողքին և պայքարեք նրա իրավունքների համար․ Մարուքյան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․
«Վրաստանի մաքսային գործընթացներում առաջացած խնդիրներով պայմանավորված, կոնյակագործները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով վերջ դնել հայ արտահանողների մեքենաները օրերով առանց պատճառի սահմանին պահելուն։
Տպավորություն կարող է ստեղծվել, թե ակցիայի մասնակիցները պարզապես ավտոնոմ մարդիկ են, հարկատու չեն, հավելյալ արժեք ստեղծող չեն, պետության քաղաքացի չեն ու բացարձակ զուրկ են պետությունից, որը կկարողանար և պարտավոր կլիներ պաշտպանել իրենց շահերը։
Ի՞նչով են զբաղված Էկոնոմիկայի նախարարությունում հարմարավետ տեղավորված, և այդ թվում՝ հենց այս մարդկանց վճարած հարկերից աշխատավարձ ստացող պաշտոնատար անձինք։
Ինչո՞վ են զբաղված անդադար տնտեսությունից խոսող խորհրդարանականները։
Հարկատուին հերոս հռչակելու փոխարեն, լավ կլիներ պարզապես կանգնեիք հարկատուի կողքին և պայքարեիք նրա իրավունքների համար, ի պաշտոնե պատշաճ կերպով ներկայացնեիք հարկատուին, որ նա էլ ստիպված չլիներ գնալ բարեկամ երկրի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնելու։
Բոլոր ոլորտներն եք ձախողել՝ առանց բացառության…»։