Լիլիթ Աղեկյանի ազգականները ներկայացրել են գործի հետ կապված իրենց բոլոր մտահոգությունները
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 12-ին աշխատանքային այցով Գյումրիում էր:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հանդիպմանը Պաշտպանն ընդգծել է մարզպետի աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչի շնորհիվ մի շարք խնդիրների համար հնարավոր է լինում արագ լուծումներ գտնել:
Զրուցակիցները քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:
Անդրադարձ է կատարվել երկրաշարժից տուժածների բնակարանային ապահովմանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը, ընտանեկան բռնություններին, խոսքի ազատությանը, ատելության խոսքի տարածմանը վերաբերելի հարցերին:
Պաշտպանը նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:
Անահիտ Մանասյանը ՄԻՊ մարզային ստորաբաժանումում հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ:
Լիլիթ Աղեկյանի ազգականները Պաշտպանին ներկայացրել են գործի հետ կապված իրենց բոլոր մտահոգությունները:
Անահիտ Մանասյանը նշել է, որ իր հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել Լիլիթ Աղեկյանին:
Դեպքի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ մանդատի շրջանակներում իրականացվում են համապատասխան գործողություններ: Արդյունքների հետ կապված ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային:
Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների հետ:
Երիտասարդներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու գործունեության հիմնական ուղղությունները:
Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանը պատասխանել է ուսանողների հարցերին, անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանության հիմնական կառուցակարգերին: Ընդգծվել է հանդուրժողականության, իրավահավասարության, արդարության և մարդու՝ որպես սահմանադրորեն ճանաչված բարձրագույն արժեքի կարևորությունը:
Ուսանողները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և քննարկելու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, քննարկվել են խոսքի ազատության, մտքի և կրոնի ազատության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր։ Այնուհետև Անահիտ Մանասյանը քոլեջի տարածքում անվանական ծառ է տնկել։
Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը ՄԻՊ մարզային ստորաբաժանումում հյուրընկալել է նաև Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաներին, որոնք Պաշտպանի նախաձեռնությամբ մայիսի 12-ին այցելել էին Գյումրու Իլյուզիաների թանգարան:
Երեխաները Պաշտպանին ներկայացրել են հետաքրքիր օրվա մանրամասները, կիսվել իրենց տպավորություններով:
Մարդու իրավունքների պաշտպանի այցերը մարզեր, հանդիպումները ուսումնական հաստատությունների և խնամքի կենտրոնների սաների հետ կրում են շարունակական բնույթ:
–00—ՍՊ