Երևանում Մոսկվայի տանն անցկացվել է հայրենասիրական վարպետության դաս երեխաների համար

Հայրենական մեծ պատերազմից հետո ԽՍՀՄ-ի որ քաղաքներն են ստացել Հերոսի կոչում: Ինչպե՞ս է զարգացել ուժերի հավասարակշռությունը աշխարհում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Ի՞նչ նշանակություն է ունեցել նացիստական ​​Գերմանիայի ջաղջախումը ողջ մարդկության համար: 1941-1945 թվականների ողբերգական, բայց միևնույն ժամանակ հերոսական շրջանի այս և այլ կարևոր ասպեկտներ քննարկվել են Երևանում Մոսկվայի տանը՝ Հայաստանի մայրաքաղաքի դպրոցականների և «Էրեբունի» ռուսական ավիաբազայի զինծառայողների և աշխատակիցների երեխաների համար կազմակերպված կրթական միջոցառման ժամանակ:

Կրթական մասի շրջանակներում պատմաբան, ԵՊՀ Հայաստանի պատմության ամբիոնի փոխդեկան Լորենս Ուլուբաբյանը երեխաներին պատմել է Հայրենական մեծ պատերազմի հիմնական իրադարձությունների մասին՝ քարտեզի վրա հստակ ցույց տալով մարտերի ընթացքը:

Զուգահեռաբար անցկացվել են վարպետության դասեր «Հերոս քաղաքը երեխաների աչքերով» թեմայով: Երեխաները կոլաժներ են ստեղծել հերոս քաղաքների և պատերազմի մասնակիցների սխրանքներին նվիրված պատկերներից, ինչպես նաև պատրաստել են օրիգամի- կռունկներ, որոնք այնուհետև փուչիկներով բաց են թողել երկինք՝ «Կռունկներ» երգի հնչյունների ներքո։

Միջոցառումը կազմակերպվել էր Մոսկվայի կառավարության, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչության, Մոսկվայի հայրենակիցների տան և Երևանում Մոսկվայի տան կողմից։

Ինչպես նշեց վարպետության դասի վարող, ճարտարապետ, «ART OK.NO» դպրոցի համահիմնադիր Վիկտորիա Սոցկովան, երեխաները լիովին ընկղմված էին կոլաժներ պատրաստելու գործընթացում՝ պատկերելով պատերազմից հետո Հերոսի կոչում ստացած ԽՍՀՄ քաղաքների բնակիչների անձնուրացության և քաջության դրսևորումները։ «Մինչ այդ ես երեխաներին պատմեցի Հերոսի աստղով պարգևատրված քաղաքների բնակիչների հերոսության մանրամասները, և, հելտո տեսնելով նրանց աշխատանքները, հաճելիորեն զարմացա, թե որքան սրտին մոտ էին ընդունել նրանք այդ փաստերը։ Հուսով եմ, որ ապագայում, երբ նրանք այցելեն այս քաղաքները, արդեն տեղեկացված կլինեն դրանց հերոսական պատմության մասին», – ասաց նա։

«Իմ կոլաժը նվիրված էր Հերոս քաղաք Մոսկվային, որի մասին շատ բան իմացա՝ ինչպես են մոսկվացիները պաշտպանել իրենց հայրենի քաղաքը, ինչպես են նրանք գիշեր-ցերեկ աշխատել և զենքեր ու արկեր պատրաստել զինվորների համար», – իր տպավորություններով կիսվեց Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի աշակերտուհի Աիդա Հայրապետյանը։

Իր հերթին Երևանի Մայակովսկու անվան դպրոցի կերպարվեստի և տեխնոլոգիաների ուսուցչուհի Աննա Շալագինան ընդգծեց ուսուցման մեջ ստեղծագործական մոտեցման կարևորությունը. «Ցանկացած ստեղծագործական գործընթաց կենդանի արձագանք է գտնում երեխաների մոտ։ Եվ երբ այն կապված է այնպիսի նշանակալի թեմայի հետ, ինչպիսին է Հայրենական մեծ պատերազմը, երեխաները առանջնահատուկ են ոգեշնչվում»։

Միջոցառման ավարտին երեխաները նաև լուսանկարվեցին Երևանում Մոսկվայի տան նախասրահում տեղադրված Հաղթական կամարի մակետի մոտ։

–00—ՅՄ