Ովքեր են հայկական միջավայրում Երկրորդ աշխարհամարտի պատմությունը փորձում ռևիզիայի ենթարկել

Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի գործում ԽՍՀՄ դերը նվազեցնելն ու նսեմացնելը երբեք չի եղել ամերիկյան հատուկ ծառայությունների նախաձեռնությունը: Դա եղել է և կա բրիտանական հատուկ ծառայությունների քարոզչական ծրագիրը, ինչը սկսվել է 1945-ի մայիսի 9-ից անմիջապես հետո, բայց «արդյունաբերական հիմքերի վրա է դրվել» անցած դարի 70-ական թվականներին: Խոսքը միայն «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտը թմբկահարելու, բայց «Մյունխենյան գործարքը» անտեսելու մասին չէ, գրում է պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:

«Դեռևս 1980-ականներից են բրիտանական հատուկ ծառայությունները սովետական ГРУ-ի նախկին սպա Վիկտոր Սուվորովի (Վլադիմիր Րեզուն, 1978-ին ճողոպրել է Մեծ Բրիտանիա) ստորագրությամբ երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ դերը նվազեցնող և վարկաբեկող հիպոթեզեր պարունակող գրքեր հրատարակում ու տարբեր լեզուներով և միլիոնավոր տպաքանակներով տարածում: Կա ևս մի այդպիսի «խոշոր ձուկ»՝ Էստոնիայում հաստատված Մարկ Սոլոնինը, որին նույնպես բրիտանացիներն են «հովանավորում»: Հետաքրքիր է, որ նախկին չեկիստն ու նախկին ավիացիոն ինժեները ինքնահռչակ պատմաբան-հետազոտողներ են, երկուսն էլ պրոֆեսիոնալ պատմագիտության հետ որևէ կապ չունեն, ավելին՝ երկուսի «աշխատությունների» հիմքում բացակայում է գիտական մեթոդը: Այս երկուսի ձեռագիրը «զարմանալիորեն» նման է այս թեմայով զբաղվող հայ զեղծարարների ձեռագրին:

Ինչու՞ են բրիտանացիները «մտել այս թեմայի տակ», որովհետև դեռևս Ռեդյայդ Քիփլինգի բնորոշած «Մեծ խաղը» որևէ մեկը չի չեղարկել, իսկ քարոզչության հարցերում աշխարհի բացարձակ չեմպիոն (Նապոլեոնի դեմոնացումն ու BCC-ի որակը վկա) բրիտանական էլիտան գիտի, որ ժամանակակից Ռուսաստանի գաղափարախոսական հենքը, եթե կուզեք՝ միավորիչ գաղափարը, Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակն է: Ուստի և այդ գաղափարը նսեմացնելու և արժեզրկելու համակարգված ու հետևողական քարոզչական աշխատանք են տանում, որպեսզի աշխարհաքաղաքական մրցակցին վնասեն, թուլացնեն ու բարոյալքեն:

Այս աշխատանքը «ռեկաշետով» նաև մեզ՝ հայերիս է դիպչում, որովհետև հայերն իրենց մասնակցությամբ ու ներդրումով 1945-ի Մեծ Հաղթանակի փայատեր են ու այդ հաղթանակով հպարտանում են, որովհետև նաև այդ հաղթանակն է հայերին մեծապես օգնել ձերբազատվելու ցեղասպանվածի բարդույթից:

Ուշադիր նայեք, թե հայկական միջավայրում ովքեր են Երկրորդ աշխարհամարտի պատմությունը փորձում ռևիզիայի ենթարկել, որտեղից են բուսնել այս վերջին անհեթեթությունները («Գերտրուդա-Ստալինգրադ-Միացյալ Պատմական Հայաստան») և ում են հղումներ անում. երկար տարիներ Լոնդոնում աշխատած պսևդոփորձագետ (Երևանում ում ձեռքով բարևել էր՝ բրիտանացիներին ուղղված մատնագրում ռուսական շպիոն էր ներկայացրել), բրիտանական ֆոնդերից ֆինանսավորվող հիմնադրամ, որը հայոց պատմության ամենամեծ դավաճանների անունները փորձում է սրբագրել (օրինակ՝ «Մեծն Վասակ Սյունի» վերտառությամբ հաստափոր գիրք է հրատարակում), պարտված պատերազմում ստի ու կեղծիքի խորհրդանիշ համարվող նիկոլական գնդապետ (թե ամիսներով ինչ էր կորցրել Լոնդոնում, Տոնոյան Դավիթը կիմանա) և իհարկե՝ Հ1-ում աշխատող մի «ատամնատեխնիկ»: Ամեն ինչ շատ պարզ է, ամեն ինչ առավել, քան ակնհայտ է»:

–00—ՅՄ