Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Դատավորների եվրոպական միության (European Assossiation of Judges-EAJ) անդամները մայիսի 10-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի ուղեկցությամբ:

Շուրջ 40 պետությունից ավելի քան 70 պատվիրակի դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Տարբեր երկրներից ժամանած դատավորները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ներկայացրել է Հուշապատի հետնամասում տեղադրված հուշաքարերի պատմությունը ևս: Այդ հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Դատավորների եվրոպական միության անդամները Հիշողության պուրակում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, տնկել են արծաթափայլ եղևնի:

–00—ՅՄ