Տվյալները բացարձակապես մտացածին են. Ավանեսյանը՝ «London Times»-ի հրապարակման մասին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Օրերս «London Times» անունով մի կայք իր հրապարակման մեջ ակնհայտ սուտ պնդում է արել՝ «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը․
«Ակնհայտ ստահոդ այդ հոդվածի կապակցությամբ ուզում եմ պարզաբանում նեկայացնել`ավելորդ շահարկումներից խուսափելու համար և հանրությանը պատշաճ տեղեկատվություն տալ:
Այսպես`դեղագործական արտադրանքի կլինիկական փորձարկումները ՀՀ-ում կարգավորվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքով և օրենքից բխող այլ իրավական ակտերով:
Մասնավորապես, Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 168-Ն որոշման համաձայն կլինիկական փորձարկումների իրականացման թույլտվությունը տալիս է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հաստատելով փորձարկման ծրագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փորձագիտական կազմակերպության փորձագիտական դրական եզրակացության և կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ էթիկայի հանձնաժողով) կողմից տրված դրական եզրակացության հիման վրա:
Հոդվածում հիշատակված դեղագործական ընկերություններից (STADA, SERVIER, SANOFI, BAYER) 2018-2025 թվականների ընթացքում միայն Servier ընկերությունն է դիմել կլինիկական փորձարկման թույլտվություն ստանալու հայտով, որը որևէ առնչություն չունի «ստերոիդների և հոգեմետ նյութերի», ինչպես նաև հոդվածում նշված «խոցելի խմբերի» հետ:
Ինչ վերաբերում է նույն հոդվածում ներկայացված Pervitin դեղին, այն գրանցված չէ և չի եղել ՀՀ-ում և կլինիկան հետազոտության հայտ երբևէ չի ներկայացվել:
Ընդհանուր առմամբ, հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են եւ չեն համապատասխանում իրականությանը»։
Ավելի վաղ հրապարակմանն անդրադարձել էր վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ասելով, որ տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար։