«Դուք պետք է դառնաք այն թափանցիկ անոթը, որ Տիրոջ շնորհը պետք է կրի իր մեջ. Հոգեշնորհ Աբեղա Պալոյան

Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, այսօր Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու Դպրատանը կայացավ առաջիկայում թեմում նախատեսվող Դպրական ձեռնադրության թեկնածուների հանդիպումը, որը սկսվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում միասնական աղոթքով։

Թեմակալ Առաջնորդի օրհնությամբ ժողովը նախագահում էր Կոշի Սուրբ Ստեփանոս վանքի վանահայր՝ Հոգեշնորհ Տեր Շնորհք Աբեղա Պալոյանը։

Հայր Սուրբը դպրացուներին ուղղված իր խոսքում կարևորելով իրենցից յուրաքանչյուրի դերը եկեղեցու կյանքից ներս, հորդորեց լինել իմաստուն և զգոն, ամեն կերպ օգնել իրենց հոգևոր Հայրերին։ Սրբազան արարողությունմերին և Պատարագներին մասնակցել ամենայն լրջությամբ։ Պատգամեց տղաներին սիրով ընծայվել Աստծուն, քանզի հոգևոր ընթացքը «վազքը» սկսվում է այստեղ և չի ավարտվում ու հավելեց․«Եթե քրիստոնյան պատրաստ չէ իր ամբողջը տալու Աստծուն, ինքը չի կարող հասնել կատարելության: Այս ամենին կարող են հասնել նրանք, ովքեր պատրաստ են բոլորանվեր կերպով ընծայվել Քրիստոսին․․․»:

Հանդիպման ընթացքում եկեղեցու ծառայողները ևս խոսեցին և նշեցին իրենց համար դպիր ձեռնադրվելու կարևորության և եկեղեցում ծառայելու մասին:

–00—ՍՊ