Ոստիկանական համակարգ մտնելու տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում հավանություն տվեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ սրանով կարգավորում են երեք խումբ հարցեր. «Առաջինը եւ թերևս ամենակարեւորն այն է, որ կադրային քաղաքականության սկզբունքների տրամաբանության մեջ մենք պարբերաբար փոփոխում ենք այն կարգավորումները, որոնք խոչընդոտում են կադրային քաղաքականության որդեգրված մոտեցմանը՝ այն է, ճկուն մեխանիզմների պայմաններում ներգրավել բարեվարք պրոֆեսիանոլ կադրերի եւ պարբերաբար նրանց անցկացնել կրթական տարբեր խողովակներով՝ զարգացնելով նրանց կարողություններն ու հմտությունները:
Այս պահին կարգը նախատեսում է, որ 18-35 տարեկան անձինք են, որ կարող են հավակնել մուտք գործել ոստիկանական համակարգ: Վերին շեմի գոյությունը չունի այնպիսի հիմնավորումներ, որոնք թույլ կտան պահպանել այդ կառուցակարգը: Կարևորը անձի որակական հատկանիշներն են: Առաջարկում ենք վերին շեմը հանել օրենսդրական կարգավորումներից»,-ասաց նա:
ՆԳ նախարարի խոսքով, երկրորդ փոփոխությունը վերաբերում է համայնքային ոստիկանությանը: Առաջարկվում է քրեական ոստիկանության օրինակով ունենալ բաց ընդունելություն, որտեղ թե՛ քաղաքական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողները մաս կկազմեն ընդունելության: Ըստ նախարարի՝ եթե ՆԳՆ կրթահամալիրում բարեհաջող ավարտեն կրթական պրոցեսը, ապա կհամարվեն միանգամից ատեստավորված և կշարունակեն ծառայությունը:
«Այս նախաձեռնությունը թույլ կտա շուրջ 200 հազար դրամական բավարարում ստացող ծառայողին ունենալ շուրջ 500 հազար դրամական բավարարում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս փոփոխությունը կբարձրացնի ծառայության գրավչությունը:
Երրորդ փոփոխության համաձայն՝ ծառայության ընդունված աշխատակցին ոչ թե 6 ամիս անց թույլ կտրվի մասնակցել ատեստացիոն պրոցեսին՝ ավելացնելով դրամական բավարարումը, այլ 2 ամիս անց, որն էլ լրացուցիչ խթան կդառնա ոստիկանական համակարգ մուտք գործելու որոշման համար:
–00–ԱՀ