Ահազանգ. Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվում Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է. «Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի նկատմամբ իրականացված վանդալիզմը միջազգային իրավունքի և հումանիտար նորմերի բացահայտ և կանխամտածված խախտում է։ Այս գործողությունները լուրջ հարված են ոչ միայն զոհվածների հիշատակին, այլև համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանությանը։
Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող այս գործողությունները մտահոգիչ օրինակ են հստակ համակարգված քաղաքականության, որն ուղղված է հայ բնակչության` Հայկական բարձրավանդակում տեղաբնիկ ազգի դեմ մշակութային ցեղասպանության քաղաքականության իրագործմանը։ Այս վարքագիծը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի հիմքային սկզբունքներին և խաթարում է տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության հաստատման ջանքերը։
Միջազգային հանրության և ,մասնավորապես, մարդու իրավունքների և մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների լռությունը և անգործությունը ստեղծում են անպատժելիության վտանգավոր մթնոլորտ, որը լրջորեն խրախուսում է նմանատիպ հանցավոր գործողությունների շարունակումը։ Այդ լռությունը հավասարազոր է անուղղակի մեղսակցության և բացարձակապես անընդունելի է իրավունքի գերակայության սկզբունքի տեսանկյունից։
Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի պղծումը հանցագործություն է մարդկության դեմ, և դրա անպատիժ թողնելը նշանակում է լեգիտիմացնել միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը գործի՝ հանուն արդարության, իրավունքի և համաշխարհային մշակութային բազմազանության պահպանման։
Արդյո՞ք նկատելի չէ մի կարևոր զուգահեռ. ադրբեջանական ցեղասպան պետությունը հայկական մշակութային ժառանգությունը` այս պարագայում այն է եղբայրական գերեզմանոցը, հողին պղծվեց հենց այս օրերին`Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի 80-ամյակին նվիրված մեծ միջոցառումների նախօրյակին.սա պատմության այն էջն է, որտեղ հայ ժողովրդի զավակները մեծ մասնակցություն են ունեցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում` ի Հայաստան և Սփյուռս։ Եվ պատմականորեն է ապացուցված, որ մեր ազգը եղել է ամենամեծաթիվ հերոսները տված եզակի ժողովուրդներից մեկը, որի հերոսներից միայն երկուսը` երկու մարշալ ծնվել են Արցախում` այն էլ մի գյուղում։ Պատմությունը ոչինչ չի մոռանում, ինչպես որ այսօր պատմության համար արձանագրվում է Արցախում մշակութային ցեղասպանությունը։Դա ոչ այլ ինչ է, քան ֆաշիզմի ցայտուն դրսևորում, որը այսօր չդատապարտելը և չկախելը ծնելու է հետևանքներ աշխարհի ցանկացած անկյունում։
Արցախում մշակութային ցեղասպանություն իրականացնող ու այդ արհեստածին երկրի առաջնորդների` տարբեր միջազգային հարթակներում պարգևատրվելու դրսևորումները գալիս են վկայելու, որ ֆաշիզմը մինչ օրս գոյություն ունեցող գաղափարախոսություն է մի շարք երկրների համար, որի հետևանքները մինչ օրս մնում են չհաղթահարված ու 21-րդ դարում էլ կրում են շարունակական բնույթ։
Հաշվի առնելով այս իրավիճակի ծայրահեղ լրջությունը՝ մենք վճռականորեն
պահանջում ենք.
- միջազգային հանրության և համապատասխան կազմակերպությունների անհապաղ, հրապարակային և միանշանակ դատապարտում,
- պահանջում ենք կիրառել պատժամիջոցներ և իրավական պատասխանատվության միջոցներ Ադրբեջանի նկատմամբ,
- կոչ ենք անում ակտիվացնել գործողություններ՝ ուղղված զոհվածների հիշատակի և հայկական մշակութային ժառանգության լիարժեք պաշտպանությանը»։
–00—ՅՄ