«Ռուս ուղղափառ» Կանաչ ժամը և Ալիևների միջկրոնական երկխոսությունը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

«Գեղարդ» վերլուծական․ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Սուրբ Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով՝ «ավանդական արժեքների, միջմշակութային և միջկրոնական երկխոսության զարգացման համար»։
Ադրբեջանն Արցախում հայկական-քրիստոնեական կրոնական ժառանգության հանդեպ երկու հիմնական մոտեցում ունի․
ա) Այն, ինչ կառուցվել է 1990-ական թվականներից սկսած, «օկուպանտական» է և ենթակա է ոչնչացման։
բ) Ինչ կառուցվել է 1990-ական թվականներից առաջ, կամ ոչնչացվում է, կամ էլ՝ հռչակվում աղվանական։
Բայց կա մի կառույց-բացառություն՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ առավել հայտնի որպես Կանաչ ժամ։ Ադրբեջանական քարոզչությունն այն հռչակել էր որպես ռուսական ուղղափառ եկեղեցի, որն, իբրև թե, ավելի ուշ է հայկականացվել։
Ամեն դեպքում՝ Կանաչ ժամ եկեղեցին, կհամարենք ռուս ուղղափառ, թե՝ ո՛չ, այլևս գոյություն չունի, քանի որ Ադրբեջանն այն հիմնահատակ ավերել է։
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյային միջկրոնական երկխոսությանը նպաստելու համար պարգևատրած Ռուս ուղղափառ եկեղեցին, որի՝ Ադրբեջանի թեմի առաջնորդը եղել է Շուշիում, Ադրբեջանում գրանցված այլ կրոնական կառույցների ղեկավարների հետ պարբերաբար հանդես է եկել հակահայկական հայտարարություններով, ինչպե՞ս է վերաբերում Կանաչ ժամի ավերմանը։ Եթե չի ընդունում, որ այն ռուսական է, արդյո՞ք հորդորում է Ադրբեջանին կեղծիքով չզբաղվել։ Եթե ընդունում է, որ եկեղեցին ռուսական է, պարզաբանում պահանջե՞լ է, թե ինչու է այն ավերվել։
Արցախի գրեթե բոլոր քաղաքներում ու գյուղերում կային Հայրենական պատերազմին նվիրված հուշարձաններ կամ հուշահամալիրներ։ Օրեր անց՝ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ Մոսկվայում շքահանդես է լինելու։ Այդ հաղթանակի համար հսկայական ներդրում է ունեցել նաև արցախահայությունը։ Վերջին 4-5 տարիներին Ադրբեջանը համակարգված ոչնչացնում է նաև այդ հուշահամալիրները։ Արդյո՞ք Ռուս ուղղափառ եկեղեցին հետաքրքրվել կամ բողոքել է ժամանակին ընդհանուր հայրենիքի համար զոհված մարդկանց հուշարձանների ոչնչացման դեմ։ Իսկ հնարավո՞ր է, որ «մոռացել» են՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ադրբեջանական քարոզչությունը պնդում է, որ տարածաշրջանի քրիստոնեական ողջ մշակույթն աղվանական է։ Շահագործելով աղվան հնագույն ժողովրդի պատմությունն և ուդիների փոքր թիվն ու խոցելի վիճակը՝ Ադրբեջանը փորձում է «աղվանաուդիական համայնքին» տեր կարգել հայկական ժառանգությանը։ Այդ նպատակով Բաքուն փորձում է քրիստոնյա աշխարհում ճանաչում կորզել աղվանաուդիական եկեղեցու համար։ Ցանկացած կառույց, որ կնպաստի այդ քաղաքականությանը, պետք է հստակ գիտակցի, որ այդ ամենն արվում է քրիստոնեական հնագույն քաղաքակրթություններից մեկի թողած ժառանգությունը ոչնչացնելու հաշվին, և պատասխանատու է դառնում դրա համար։
Արձանագրենք, որ ռուս ուղղափառ եկեղեցին, ուղղակի կամ անուղղակի ձևով, խրախուսում է ադրբեջանական ներկայիս իշխանություններին, ովքեր ոչնչացնում են տարածաշրջանի քրիստոնեական ժառանգությունը, քանդում ռուսական գերեզմանատներն ու Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հուշարձանները։
–00—ՍՊ