«Շահագրգռված ենք, որ մեղավորները բացահայտվեն». ՔՊ-ն դատապարտում է մեքենայի հրկիզման դեպքը

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դատապարտում է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենայի հրկիզման դեպքը։

«Քիչ առաջ տեղեկացանք, որ հրկիզվել է ընդդիմադիր ավագանու անդամին պատկանող ավտոմեքենան։ Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարքներն անթույլատրելի են և պետք է դառնան մանրակրկիտ ու օբյեկտիվ քննության առարկա։

Դատապարտում ենք տեղի ունեցածը և շահագրգռված ենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն և օրենքով սահմանված կարգով ենթարկվեն խստագույն պատասխանատվության»,- հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Նշենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (գույքը ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով։

–00–ԱՀ