«Թևեր» վերականգնողական ծրագիրը ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրության կենտրոնում

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Մարսելի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլայի գլխավորությամբ։

Պատվիրակությունն այցելել է «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն՝ ծանոթանալու «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության կողմից իրականացվող «Թևեր» վերականգնողական ծրագրին։ Ֆրանսիական «Սատար Արցախին» միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող եռամսյա  համալիր վերականգնողական այս  ծրագիրը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված երեխաների և նրանց ծնողների համար:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները շրջայց են կատարել կենտրոնում, ներկա գտնվել արտթերապիայի և դրամաթերապիայի պարապմունքներին, ինչպես նաև զրուցել «Թևեր» ծրագրի շահառու արցախցի երեխաների հետ։ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության անդամները և ֆրանսիացի պաշտոնյաները հանդիպել են նաև ծրագրի շահառու ծնողների հետ՝ հետաքրքրվել նրանց սոցիալ-հոգեբանական վիճակով։

«Ինքս էլ մասնագիտությամբ բժիշկ եմ և անչափ ազդված եմ՝ տեսնելով այն ամենը, ինչ կատարվում է այստեղ՝ երեխաներին և նրանց ընտանիքներին տրավման հաղթահարելու հարցում օգնելու համար: Պատկերացնում եմ այն զգացությունները, որ դուք հիմա ունեք, քանի որ ստիպված ու ձեր կամքին հակառակ եք լքել ձեր տունն ու հողը: Կիսում ենք ձեր մտահոգությունները և գնահատում ձեր կյանքը վերականգնելուն ուղղված ջանքերը»,-ասել է փոխքաղաքապետ Միշել Ռուբիրոլան։

2023-ին Արցախից բռնի տեղահանված 120,000 բնակչությունից 30,000-ը եղել են երեխաներ, ովքեր շրջափակման ընթացքում զրկված են եղել սննդից, դեղորայքից և կենսական նշանակության այլ միջոցներից:

«Մեր երեխաները կորցրել են իրենց տները, ընկերներին և այն ամենը, ինչ ծանոթ էր իրենց։ «Թևեր» ծրագիրը նրանց օգնում է նորից  ժպտալ և երազել ապագայի մասին։ Դժվար է բառերով նկարագրել, թե ինչ ենք մենք ապրել շրջափակման և բռնի տեղահանման ընթացքում, բայց ինքերս մեզ սփոփում ենք, որ գոնե հայկական հողում ենք՝ մեր հայրենիքի այս հատվածում: Մեր երեխաների աչքերում կրկին լույս է հայտնվել, և դա ամենակարևորն է մեզ համար»,-ընդգծում է ծրագրի շահառու ծնող Սյուզաննա Բաղդասարյանը։

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ ծրագիրն արդեն իսկ շոշափելի դրական արդյունքներ է արձանագրել։

«Մեր նպատակն է ոչ միայն հոգեբանական օգնություն տրամադրել, այլև օժանդակել այս ընտանիքներին՝ իրենց նոր կյանքի հիմքերը կառուցելու գործում։ «Թևեր» ծրագիրը բազմակողմանի մոտեցում է ցուցաբերում՝ հասցեագրելով թե՛ երեխաների, թե՛ ծնողների կարիքները։ Մարսելի քաղաքապետարանի այս այցը կարևոր է մեզ համար, քանի որ այն ամրապնդում է միջազգային համայնքի հետ համագործակցությունը և ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի խնդիրները միայն Արցախի ժողովրդինը չեն։ Շնորհակալ ենք ֆրանսիայի հանրությանը՝ այս նախաձեռնությանն աջակցելու և մեր կողքին լինելու համար»։

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության մասին

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը հիմնադրվել է 2022 թվականին Ռուբեն Վարդանյանի և գործընկերների կողմից՝ Արցախի և Սյունիքի զարգացման ու աջակցության ծրագրեր իրականացնելու նպատակով։

–00—ՅՄ