Մարսելի քաղաքապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի ավագանու անդամների և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Մարսելի քաղաքապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Վերջում Մարսելի քաղաքապետը եղել է նաև Հիշողության պուրակում և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ տնկել արծաթափայլ եղևնի:
–00–ԱՀ