Շարունակելու ենք անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ ապահովելու անկախ մամուլի կայուն գործունեությունը

Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ և սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիամասնագետներին և, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության հրապարակած 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում մեր երկիրը 9 տեղով բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը։

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ մի շարք լրատվականների քաղաքական աֆիլացվածությունը, ապատեղեկատվության տարածման ռիսկերը, ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումները մնում են լրջագույն մարտահրավեր բոլորիս համար, և պետք է հետևողական աշխատանք տանենք այս ուղղությամբ։

Աներկբա, մեդիան պետք է լինի անկախ, չեզոք, փաստահեն և հավասարակշռված՝ զերծ մնալով որևէ քաղաքական ուժի կամ գործչի սպասարկելու գայթակղությունից։ Մեր օրերում վստահաբար դրա պակասը կա։ Սակայն կարևոր եմ համարում ընդգծել, որ մամուլի դաշտում՝ բևեռացված կարծիքների և շահերի կողքին, մշտապես կան նաև սկզբունքային, օբյեկտիվ և պատասխանատու անհատներ, ովքեր մնում են հավատարիմ փաստերին և իրենց մասնագիտական պարտքին։ Նրանց աշխատանքն առանձնակի հարգանքի է արժանի, քանի որ հասարակությունը նրանց շնորհիվ հնարավորություն ունի ստանալու հավասարակշռված և ճշգրիտ տեղեկատվություն։

Եվ ուրեմն, հավատարիմ մնալով խոսքի ազատության պահպանման մեր հանձնառությանը, շարունակելու ենք անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ ապահովելու անկախ մամուլի կայուն գործունեությունը՝ ի նպաստ, թափանցիկության, հաշվետվողականության և ժողովրդավարության»,- գրել է նա։

–00—ՅՄ