Հայաստանի 3 մարզում դադարեցվել է ՀՎԿԱԿ-ի լաբորատորիաների աշխատանքը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Հայաստանի 3 մարզում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիաներն արդեն օպտիմալացվել են, այսինքն՝ աշխատանքները դադարեցվել են։ Աղվերանում լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ հայտնեց կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան:
Խոսքը վերաբերում է Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի լաբորատորիաներին՝ մանրէաբանական, քիմիական և մակաբուծաբանական։
Տնօրենը բացատրեց՝ ՀՎԿԱԿ-ն ամեն մարզում ունի մեկական մասնաճյուղ և դրանց կազմում գործող լաբորատորիաներ, որոնք գործում են տարբեր ծավալով։
Հաշվի առնելով աշխատանքների արդյունավետությունը՝ որոշում է կայացվել մոտ մարզերի մասնաճյուղերի լաբորատոր գործունեությունը դադարեցնել։
«Մասնաճյուղը ողջ ծավալով իր գործունեությունը շարունակում է իրականացնել՝ իմունականխարգելման, հակահամաճարակային և լաբորատոր, այսինքն՝ մենք միանշանակ կարևորում ենք մեր իրականացրած գործառույթները յուրաքանչյուր քաղաքում և գյուղում։ Որևէ բացասական հետևանքով սա չի ունենում ո՛չ մարզի, և ո՛չ տվյալ մարզի բնակչի համար։Աշխատակիցների մեծ մասին համակարգում այլ աշխատանք է առաջարկվել, փորձել են նվազեցնել կրճատվող աշխատակիցների թիվը»,- ասաց Աթոյանը։
Նրա խոսքով՝ լաբորատոր փորձանմուշները վերցվում են, վերջին՝ լաբորատոր հետազոտության փուլն իրականացվում է ռեֆերենս լաբորատոր կենտրոնում։
Աթոյանը շեշտեց՝ այսօր ամբողջ աշխարհում լաբորատորիաներին խիստ պահանջներ են ներկայացվում, մեր երկիրն այս հարցում բավականին հետ էր, սակայն հիմա մեծ քայլերով առաջ է գնում։ Ըստ նրա` խոսքը չի վերաբերում լաբորատոր հետազոտության, լաբորատոր արդյունքի որակին, այն միշտ պահպանվել է։ Խիստ պահանջները վերաբերում են նաև, օրինակ, աշխատանքային պրոցեսների կազմակերպման որակին, շենքային պայմաններին։
–00–ԱՀ