Նախարարությունը բարձր որակավորմամբ մասնագետների ներգրավման ծրագրի մասին պարզաբանում է տարածել

Էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկության, թե ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակներում նախարարությունը ծախսել է 3,8 մլրդ դրամ, որից հետո նոր հասկացել է, որ ծրագիրն անարդյունավետ է, պարզաբանել է․

«Նախ՝ վերը նշված ծրագիրը գործում է 2022 թվականից, որի իրականացման պատասխանատուն ի սկզբանե հանդիսացել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Գևորգ Պապոյանի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո այն փոխանցվել է նախարարությանը, և նախարարի կողմից անմիջապես հանձնարարվել է անցկացնել մոնիթորինգ ծրագրի արդյունավետության գնահատման վերաբերյալ։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնտեսության զարգացման վրա դրա ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր, ինչը հիմք է հանդիսացել կայացնել որոշում առկա ծրագրի հետագա գործողության դադարեցման վերաբերյալ։ Նախարարի կողմից հանձնարարվել է սույն ծրագրով նախատեսված պետական միջոցներն ուղղել գերակա այլ ուղղությունների, որոնց պահանջարկը քաղաքացիների շրջանում մեծ է, արդյունավետությունը՝ ավելի բարձր։

Ինչ վերաբերում է ծրագրի շրջանակներում արդեն իսկ վճարված գումարներին՝ կրկին նախարարի հանձնարարականով, նախատեսվում է իրականացնել հաշվարկների ճշգրտում։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համար պետական միջոցների արդյունավետ օգտագործումը առաջնային է և ենթակա չէ քննարկման»։

–00–ԱՀ