Վարչապետի թեկնածու էլ կա․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է

Իմպիչմենտի գործընթաց սկսելու գլխավոր խոչընդոտը 2020 թվականից սկսած եղել է եւ մնում է վարչապետի թեկնածուի հարցը: Նախ, որովհետեւ հենց որեւէ անձի անուն հայտնվում է ասպարեզում` դրան քարկոծողների, մերժողների ստվար շարքեր են կազմվում եւ հանրային աջակցությունն էլ սկսում է նվազել, որովհետեւ միանշանակ եւ բոլորի կողմից ընդունված ընդդիմադիր լիդեր չկա: Այժմ իմպիչմենտի դիմումը, որն ուղարկվել է ԱԺ բոլոր պատգամավորներին եւ որի մեջ բացակայում է վարչապետի թեկնածուի անունը, նորից այս հարցն է բերել առաջին պլան:

Ընդդիմադիր դաշտի դե ֆակտո ղեկավարներին` Ռորբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, կարծում են, որ սխալ է վարչապետի թեկնածու հռչակելը, որովհետեւ նրանց հակառեյտինգը շատ բարձր է եւ գործընթացը հենց այդ պատճառով կարող է ձախողվել: Որեւէ այլ անունի շուրջ էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: «Պատիվ ունեմ» խմբակցությունն ասել է, որ վարչապետի թեկնածու չունի, բայց պատրաստ է քննարկել ցանկացած թեկնածություն: «Հայաստան» դաշինքը, որին  հատկապես ուղղված է այդ դիմումը եւ որը կարող է սկսել գործընթացը, կարծում է, որ այս ակցիան հատուկ են նախաձեռնել` Ռոբերտ Քոչարյանին ասպարեզից հեռացնելու, չեզոքացնելու եւ իրենց դեմ աշխատելու համար:

Մենք տեղեկացանք, որ իմպիչմենտի գործընթացի նախաձեռնողներից եւ ակտիվ քարոզողներից մեկը` Էդգար Ղազարյանը, «Հայաստան» խմբակցությանն առաջարկել է քննարկել մի շարք անուններ: Մասնավորապես, դաշինքի պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի անունը, ով աշխատել է եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ Սերժ Սարգսյանի, եւ անգամ որոշ ՔՊ- ականների համար կարող է ընդունելի թեկնածու լինել: Նրան պատասխանել են, որ Արմեն Գեւորգյանը չի ուզում: Բայց առաջարկողները վստահ են, որ դա կախված է մեկ անձի ցանկությունից` եթե Քոչարյանը որոշի, Գեւորգյանը «կուզի», թիմն էլ տեղից կշարժվի եւ գործընթացը կսկսվի:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

–00—ՍՊ