Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովը «Քաղպայմանագիր» կուսակցության կցորդը դարձրած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրան փոխարինող ՔՊ-ական մյուս տեղակալները շարունակում են իշխանական պատգամավորների գործուղումների խրախճանքն ապահովել:

Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2025 թվականի գարնան և ամռան ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի մի շարք իշխանական պատգամավորներ կգործուղվեն արտասահման՝ մասնակցելու միջազգային տարբեր համաժողովների։ Նրանց գործուղումները կազմակերպվում են պետական բյուջեի հաշվին։ Սակայն, ինչպես արդեն ընդունված է դարձել վերջին տարիներին, այս աշխատանքային այցերում ընդդիմադիր պատգամավորները ներկայացված չեն, ինչը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ ներքաղաքական հավասարակշռության, թե՛ հաշվետվողականության առումով։

Եվ այսպես, մայիսի 14-16-ը Ռիգայում (Լատվիա) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստին կմասնակցի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Մայիսի 11-14-ը Փարիզում կայանալիք ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին կմասնակցի Վլադիմիր Վարդանյանը, իսկ նույն քաղաքում մայիսի 11-13-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ իրավահավասարության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի աշխատանքներին՝ Հռիփսիմե Գրիգորյանը։
Հռոմում (Իտալիա) հունիսի 4-7-ը կայանալիք «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը ԵԱՀԿ տարածաշրջանում» համաժողովին Հայաստանը կներկայացնի պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

Ապրիլի 27-28-ը Արսեն Թորոսյանը, որպես առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մասնակցել է վարչապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցին (Էստոնիա)։ Իսկ ապրիլի 28-ից մայիսի 1-ը Վալենսիայում անցկացվող «Եվրոպական ժողովրդական կուսակցություն 2025» համագումարին կմասնակցեն Սարգիս Խանդանյանը և Մարիա Կարապետյանը։

Չնայած նման այցերի նպատակը երկրի շահերի ներկայացումն ու միջազգային կապերի խորացումն են՝ հանրության և փորձագիտական շրջանակների կողմից շարունակաբար հնչում են հարցադրումներ՝ արդյոք այս գործուղումները իսկապե՞ս ունեն շոշափելի արդյունք, և որքանո՞վ են արդարացված բյուջետային ծախսերը դրանց կազմակերպման համար․ հատկապես այն փաստը, որ այս այցերին չեն ընդգրկվում ընդդիմադիր ներկայացուցիչներ, նաև կասկածի տեղիք է տալիս՝ արդյոք չի խաթարվում Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության հավասարակշռությունը»։

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

–00—ՍՊ