Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում:
Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ 50 հազար խորանարդ մետր ավազակոպճային հանույթը մոտակա տեսակավորման կետից իրացվել է շուրջ 330 միլիոն դրամով: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ