ԱԶԲ-ն 236 մլն եվրոյի չափով կհամաֆինանսավորի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցումը

Կառավարության ապրիլի 30-ի նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի վերակառուցմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ըստ նախարարի՝ համաձայնագրով Ասիական զարգացման բանկը կհամաֆինանսավորի ծրագիրը 236 միլիոն եվրոյի չափով։ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը բաժանվել է երեք ենթահատվածի՝ հյուսիսային, Բարգուշատի թունելի և հարավային հատվածների։

«Վարկային համաձայնագիրը վերաբերում է հենց հյուսիսային ենթահատվածին, որի ընդհանուր արժեքը կազմում է 335 միլիոն եվրո։ Նախատեսվում է կառուցել 27.1 կմ երկարությամբ ժամանակակից ավտոճանապարհ՝ ներառյալ մի քանի թունելներ և կամուրջներ։ Ճանապարհը կլինի 11 մետր լայնությամբ՝ երեք երթևեկելի գոտիներով»,- ասաց նա։

Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ ճանապարհի շինարարության ավարտից հետո տվյալ հատվածում երթևեկության արագությունը կբարձրանա ներկայիս 50 կմ/ժ-ից մինչև 100 կմ/ժ, ինչի շնորհիվ ճանապարհի անցման ժամանակը կկրճատվի շուրջ 1-1.5 ժամով։

Ծրագիրը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել 2033 թվականի նոյեմբերին։

–00—ՅՄ