Վեհափառը գնահատանք է հայտնել Վրաստանին 15 հայ ռազմագերիների վերադարձի համար

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։

Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական հավատքին ու արժեհամակարգին, կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և փորձություններ՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունն ու դիմագիծը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանք հայտնեց վրաց իշխանություններին տասնհինգ հայ ռազմագերիների վերադարձման ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի, ինչպես նաև Վրաստանի հայ համայնքի նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։

–00—ՍՊ