Ապրիլի 24-ին Մոսկվայի հայկական եկեղեցում կոնֆլիկտ է եղել. «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Ապրիլի 24-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը եւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը միասին ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։ Սակայն միջոցառումը խաղաղ չի անցել` ուղեկցվել է վեճ ու կռվով: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Նախ, բոլորին բարկացրել է այն, որ Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորիկ Թեւանյանը թեմի առաջնորդից առաջ արդեն իսկ հուշարձանի մոտ տեղադրած է եղել մի ահռելի ծաղկեպսակ, որն ուղղակի փակել է խաչքարը: Նորիկ Թեւանյանը, լինելով էքսցենտրիկ անձնավորություն, բարձրաստիճան հյուրերից առաջ՝ վաղ առավոտյան, եկել է հուշահամալիր եւ պսակ տեղադրել, ապա պահակներ կարգել, որ որեւէ մեկը հանկարծ չտեղաշարժի այն: Թեմի առաջնորդն ու դեսպանը ժամանելով` զարմացել են, ապա դժվարությամբ մոտեցել հուշարձանին` ծաղիկներ դնելու: Հետո ժամանել է նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Իսկ Նորիկ Թեւանյանի եւ Արա Աբրահամյանի հակասությունները հին պատմություն ունեն:
Մեր աղբյուրները պատմեցին, որ հուշարձանին մոտենալու եւ ծաղկեպսակների մրցակցության թեմայի շուրջ վեճ է ծագել Արա Աբրահամյանի եւ Թեւանյանի միջեւ: Մեր աղբյուրը պատմեց նաեւ, որ Արա Աբրահամյանը դեսպան Գուրգեն Արսենյանին է դիմել եւ կոշտ որակումներով ասել, թե ինչ է մտածում Հայաստանի իշխանությունների մասին: Ինչպես գիտենք, Աբրահամյանի վերջին այցը Հայաստան ուղեկցվեց սկանդալով` նրան մի քանի ժամ պահեցին օդանավակայանում: Սահմանային ծառայությունները` անձնագրային ստուգումների պատրվակով, թույլ չէին տվել, որ նա` իր հետ ժամանած ռուս գործարարների հետ, մուտք գործի երկիր, եւ միայն լրատվամիջոցների հրապարակումներից հետո թույլ տվեցին: Գուրգեն Արսենյանին, բնականաբար, դուր չի եկել Աբրահամյանի պահվածքը, եւ նա նույն կոպիտ ոճով եւ հեգնանքով պատասխանել է վերջինիս: Այդ ընթացքում Եզրաս սրբազանը դուրս է եկել շենքից, եւ ներսում գտնվողները լսել են նրա բարկացած խոսքն ու վեճը` դրսում գտնվողների հետ, հավանաբար՝ ծաղկեպսակները տեղադրելու թեմայով: Եվ այս տհաճ խոսակցություններից անակնկալի եկած Գուրգեն Արսենյանը որոշել է վաղաժամ հեռանալ՝ չմասնակցելով միջոցառման շարունակությանը:
Մենք խնդրեցինք Արա Աբրահամյանի օգնական Լուսիկ Ղուկասյանին՝ ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել ապրիլի 24-ին՝ հայկական եկեղեցում, եւ ինչն է եղել պատճառը: Օգնականն ասաց, որ օդում պտտվող խոսակցություններ չի մեկնաբանում: «Ապրիլի 24-ին Ռուսաստանի հայերի միությունը՝ Աբրահամյանի գլխավորությամբ, մի շարք միջոցառումներ է անցկացրել: Դրանք՝ բոլորը, անցել են բարձր մակարդակով եւ առանց միջադեպերի»,- ասաց նա: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչպես է բացատրում, որ տարբեր անձինք գրեթե նույնն են պատմում այդ միջոցառման ընթացքում ծագած կոնֆլիկտի մասին, նա չպատասխանեց:
–00–ԱՀ