Ճամբարակում կրակոց չեն լսել, բայց Սյունիքի գյուղերի ուղղությամբ դրանք չեն դադարում

Ադրբեջանը պաշտպանության նախարարությունն այսօր դարձյալ մեղադրել է Հայաստանին՝ այս անգամ Գեղարքունիք մարզի Ճամբարակից հրաձգային զենքով «հրադադարը խախտելու մեջ»: Ընդ որում՝ Բաքուն հայտնել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները պատասխան միջոցներ են ձեռնարկել այս ուղղությամբ:

Այս մասին հայտնում է Ազատությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է հրադադարը խախտելու Բաքվի մեղադրանքը՝ չանդրադառնալով պատասխան կրակ բացելու ու հայկական դիրքերը թիրախավորելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմանը:

Ադրբեջանական դիրքերից մոտ մեկ կմ հեռավարության վրա գտնվող Ճամբարակի բնակիչներից մեկն անանուն մնալու պայմանով «Ազատությանը» փոխանցեց, որ այս գիշեր ինքը կրակոց չի լսել:

Փոխարենը կրակոցները նույն տեմպով շարունակում են ադրբեջանական դիրքերով շրջապատված Սյունիքի մարզի Խնածախ ու Խոզնավար գյուղերում: Խոզնավարում անցած օրերին էլ պատկերը գրեթե չի փոխվել, փոխանցեց վարչական ղեկավար Վահան Զաքյանը:

Օրերս Խոզնավարում Ադրբեջանի զինուժի կրակոցի հետևանքով 73- ամյա Ռուբեն Խաչատրյանի տան պատուհանն էր վնասվել: Պատկան մարմիններից եկել են, փոխհատուցում տրամադրել, ով է եղել՝ Ռուբեն Խաչատրյանը չգիտի, ասում է՝ Գորիսից էին:

–00–ԱՀ