Կիպրոսը հանձնառու է խթանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ Կիպրոսի նախագահի գրասենյակ

Կիպրոսի նախագահի գրասենյակն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին՝ նշելով, որ Հանրապետությունն իր հարգանքն և համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին և հանձնառու է խթանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։

Այս մասին ասված է Կիպրոսի նախագահի գրասենյակի X-ի պաշտոնական միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք համակարգված կերպով ոչնչացվեցին ժամանակակից պատմության ամենաողբերգական էջերից մեկի ժամանակ։

Կիպրոսի Հանրապետությունն իր հարգանքը և համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին՝ հիշեցնելով, որ պատմական հիշողության պահպանումը և ճշմարտության ճանաչումը յուրաքանչյուր հասարակության բարոյական պարտականությունն է, որը հարգում է մարդու իրավունքները և արդարադատության հիմնարար արժեքները։

Որպես անարդարություն և միջազգային իրավունքի խախտում ապրած երկիր՝ մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը՝ խթանելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Հիշողությունը մնում է կենդանի»,-նշված է գրառման մեջ։

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ X-ի իր միկրոբլոգում գրառում է արել նաև Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը։

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք զոհերին և ճանաչում  մարդկության դեմ կատարված հանցագործության չդադարող ցավը։ Պաշտպանելով ճշմարտությունն ու արդարությունը՝ մենք պահպանում ենք «այլևս երբեք» խոստումը»,- գրել է նախարարը։

Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Կիպրոսի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված գրառման  մեջ էլ ասված է.

«Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հարգում ենք զոհերի հիշատակը և համերաշխություն ենք հայտնում բոլորին, որոնք կրում են նրանց ժառանգությունը։ Մենք վերահաստատում ենք մեր համատեղ պարտականությունը՝ «այլևս երբեք»»։

–00–ԱՀ