Արարատի մարզում բեռնատարը բախվել է «Ford»-ին, կոտրել էլեկտրասյունն ու արգելապատնեշները
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:
Բախման հետևանքով բեռնատարն այնուհետ բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և էլեկտրական լեդ լույսին, կոտրել դրանք և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Howo»-ի վարորդը, ով բախվել է «Ford»-ի հետնամասին, ապա երկաթե էլեկտրասյանն ու երկաթե արգելապատնեշներին: Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում:
–00—ՅՄ