Հայոց ցեղասպանությունը՝ ականտես-վերապրողի վկայությամբ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Հայոց ցեղասպանությունը վերապրած ականատեսներից մեկը շատախցի Մարուսյա Հակոբյանն է: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդերում է պահվում նրա կյանքի մասին անտիպ ձեռագիր հուշագրությունը (ՀՑԹԻ թանգարանային ֆոնդեր, բժ. 8, ֆհ. 378): Այն Հայոց ցեղասպանության վերաբերյալ արժեքավոր փաստագրում է, քանի որ հենց ականատես-վերապրողի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված, որը ներկայացնում է ողբերգական կյանքի տարբեր դրվագներ:
Հուշագրությունը շատախցի մի հայուհու կյանքի պատմությամբ վկայում է Հայոց ցեղասպանության ծանրագույն հետևանքները, վերապրելու սեփական մեթոդները:
Ծանր գաղթ. մազապուրծ լինելով անողոք մահվան ճիրաններից
Մարուսյա Հակոբյանի կյանքը լի էր դժվարություններով։ Երբ Շատախում տարածվեցին թուրքական հարձակումների մասին լուրերը, գյուղում սկսվեց մեծ խուճապ։ Մարուսյայի ընտանիքը, ինչպես նաև մնացած շատախցիները, ստիպված էին լքել իրենց տունը ու բռնել գաղթի ճանապարհը։ Բռնելով գաղթի երկար ճանապարհը, նրանք հասնում են հայկական մի գյուղ՝ կարծելով, թե գտել են իրենց հանգիստտությունը։ Սակայն, երբ մտնում են գյուղ, նրանց սպասում է խորը հիասթափություն՝ այն արդեն ավերված և թալանված էր թուրք զինվորների կողմից։
Չունենալով այլ ելք՝ գյուղի երիտասարդ տղամարդիկ որոշում են բարձրանալ սարերը՝ փորձելով պաշտպանել իրենց ընտանիքներին և գյուղացիներին հերթական սպառնացող արյունահեղությունից։ Մինչդեռ կանայք, երեխաներն ու տարեցները ապաստան են գտնում մի տեղացու տանը։ Այդ փոքրիկ շինության մեջ մեկ գիշերում հավաքվում է ավելի քան հարյուր կին, աղջիկ ու երեխա՝ լուռ աղոթելով, որ գոնե այդ գիշեր բախտը նրանց ժպտա, և վտանգը շրջանցի։
Հուշագրությունից տեղեկանում ենք․ «Ժամը 10-ին թուրքական զորքը ներխուժում է գյուղ։ Քիչ անց, երեք զինված տղամարդ ներս են մտնում այն տունը, որտեղ պատսպարվել էին Մարուսյան և հարյուրից ավելի կին ու երեխա։ Սկսվում է խուզարկությունը։ Նրանք բռնի ուժով վերցնում են մարդկանց ոսկեղենը, արծաթը, գումարը և բոլոր հնարավոր արժեքավոր իրերը։ Երբ հասնում են Մարուսյային ու նրա մորը, նկատում են, որ նրանք ոչինչ չունեն։ Մի քանի վայրկյան ուշադիր զննելուց հետո նրանց դուրս են հանում տնից և այրում այն՝ ներսում թողնելով ողջ մնացած կանանց ու երեխաներին»։
Իրար հաջորդող ծանր օրերի համապատկերում Մարուսյայի մայրը, գրկելով դստերը, վախից կծկվում է մի մասրենու թփի տակ՝ փորձելով գոնե մի կերպ պատսպարվել ու փրկվել։ Սակայն փրկության հույսերը շատ շուտ մարում են. թուրքական բանակը պաշարում է ողջ գյուղը։ Սկսվում է իրական մղձավանջը։ Ով ողջ էր՝ սպանում էին։ Ոմանց կրակում էին, մյուսներին խոցում սվինով, դանակով կամ քարերով։ Մահացածների վրայից հանում էին շորերը, կոշիկներն ու զարդերը։
Սարսափելի տեսարաններից մեկը Մարուսյայի հիշողության մեջ դաջվում է հարատև։ Նրա մոր փեշի վրա մնացած չոր հացի փշրանքները մի թուրք կին վերցնում է, թրջում արյունոտ ջրի մեջ և տալիս իր երեխային։ Այդ պահին Մարուսյան գիտակցում է, որ ջրի մեջ եղած արյունը իր ձեռքերից է թափվել, երբ փորձել էր պաշտպանել մորը։ Մայրը, անշարժացած ու լուռ, գրկել էր նրան ու մնացել նույն դիրքում։ Հանկարծ նրանց գլխավերևով մի բան թռչում է և, ուժգին ճչալով, ընկնում ոտքերի մոտ․․․․ մի երեխա էր՝ դեռ ողջ, բայց սվինահարած և մոր գրկից շպրտված։ Այդ պահից հետո Մարուսյան բարձրացնում է գլուխը և հասկանում, որ մայրը…․ այլևս չկա։ Նա մահացել էր։
Մարուսյան մինչև երեկո մնում է մոր գրկում՝ շրջապատված դիակներով, տիրող լռության ու սարսափի մեջ։ Միայն երեկոյան է մոտենում մի երիտասարդ կին։ Նա խաբում է թուրք զինվորներին՝ ասելով, թե բոլորը մահացած են, ապա հավաքում է ողջ մնացածներին, այդ թվում՝ Մարուսյային։Մարուսյան դժվարությամբ է բաժանվում մոր մարմնից՝ անդադար լաց լինելով ողջ ճանապարհին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ