Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Ցեղասպանության նահատակների բարեխոսական կարգին

Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Կալկաթայի Սբ․ Նազարեթ եկեղեցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ մասնակցել է Հնդկահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի հանդիսապետությամբ և Տ. Պետրոս քահանա Կադեյանի կողմից մատուցված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգին: Այդ մասին հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:

Արարողությունից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և Հնդկաստանի տարածքում միակը համարվող հուշարձանին:

Օրվա ոգեկոչման կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցվել նաև Չեննայում ՀՀ պատվավոր հյուպատոս Շիվկումար Էաշվարանի կողմից տեղի հայկական եկեղեցում:

Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

–00—ՍՊ