Արդարադատության նախարարությունը ՀՀ-ԵՄ ռազմավարական արդարադատության քաղաքականությունն է քննարկում
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Այսօր Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ անցկացվել է Հայաստան-ԵՄ արդարադատության ոլորտի ռազմավարական քաղաքականության երկխոսության 5-րդ հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և միջազգային գործընկերներ։
Ողջունելով ներկաներին՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ նիստի պարբերական անցկացումը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը և ջանքերը՝ խորացնելու ԵՄ-ի հետ հարաբերություններն ու ընդլայնելու կայուն ու արդյունավետ համագործակցությունը:
Նախարարը խոսել է փոխգործակցության հիմնական ուղղությունների մասին՝ առանձնացնելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի իրականացման շրջանակներում Նախարարությունը ևս առանցքային դերակատարում ունի, Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը, ՀՀ-ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի ամենամյա նիստերը, ինչպես նաև ծրագրային համագործակցության տարբեր ձևաչափերը:
Բացման խոսքով հանդես գալով՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը մատնանշել է այն առաջընթացը, որը Հայաստանը գրանցել է դատաիրավական ու հակակոռուպցիոն ռազմավարությունների շրջանակներում, ինչպես նաև անդրադարձել վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած առաքելության արձանագրումներին:
Բացման ելույթներից հետո Նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկայացրել է դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտներում գրանցած առաջընթացը, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակներում իրականացված գործողությունների մանրամասները:
Հանդիպումը ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում Արդարադատության նախարարը և տեղակալները արձագանքել են հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործընկերների հարցադրումներին:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են Հայաստան-ԵՄ բազմաշերտ համագործակցության խորացման կարևորությունը՝ ընդգծելով, որ արդեն իսկ իրականացվող արդյունավետ ծրագրերը կշարունակվեն և իրենց տեղը կգտնեն բարեփոխումների առաջիկա օրակարգերում։
–00—ՍՊ