Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 41 միլոն դրամի վնաս

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ արտադրական մի կոոպերատիվի իրավասու անձինք 2024 թվականի ապրիլից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արագածոտնի մարզում իրականացրել են խարամի ավազի արդյունահանում:

Պարզվել է, որ կոոպերատիվն ունի Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի 2,7 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից շուրջ 11 հեկտար մակերեսի վրա արդյունահանել է մոտ 13,700 խորանարդ մետր խարամի ավազ և տեսակավորման կետից այն իրացրել շուրջ 41 միլիոն դրամով՝ պետությանը պատճառվելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի` ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

–00—ՅՄ