Փաշինյանը գնացել էր Բաղրամյան, որ շնորհավորեր Խաչատուրյանին ծննդյան առթիվ, երկուստեք գովեցին իրար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ նախագահի նստավայր և շնորհավորել նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով:

Վարչապետը Վահագն Խաչատուրյանին մաղթել է առողջություն, հաջողություններ, բեղմնավոր գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահին Կառավարության գործունեությանը ցուցաբերած կարևոր աջակցության համար: Վարչապետը նշել է, որ կարևորագույն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնելիս Կառավարության և նախագահի միջև խորհրդակցությունները շատ կարևոր ինստիտուցիոնալ նշանակություն ունեն և շնորհակալություն հայտնել Վահագն Խաչատուրյանին տնտեսական, արտաքին, քաղաքական և ռազմավարական նշանակության այլ հարցերում ակտիվ ներգրավվածության համար:

«Համոզված եմ՝ այն օրակարգը, որը ձևակերպվել և իրականացվում է, ունի պատմական և շրջադարձային նշանակություն: Եվ իհարկե, այդ օրակարգի ձևավորման գործում Ձեր ներդրումը և աջակցությունը դժվար է գերագնահատել։ Մեծարգո պարոն նախագահ, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել Ձեզ ծննդյան տարեդարձի առիթով և արտահայտել իմ լավագույն մաղթանքները»,-ասել է վարչապետ Փաշինյանը։

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է վարչապետի, Կառավարության գործունեությունը, որն ուղղված է անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ամրապնդմանը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը սերտ համագործակցության, աջակցության համար և ընդգծել.

«Վստահ եմ, որ մենք այս քաղաքականությամբ, մեր այս գաղափարների իրականացմամբ հաջողության ենք հասնելու: Ձեզ մաղթում եմ հաջողություն, կամք, ուժ ու եռանդ այդ գաղափարներն իրականությունը դարձնելու համար: Համոզված եմ, որ այլ ճանապարհ Հայաստանի Հանրապետության զարգացման չի լինելու»:
–00–ԱՀ