Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ապրիլի 23-ին ժամը 23:59-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»:
Համերգը կանցկացվի Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Որպես մենակատարներ հանդես կգան Աննա Ագլատովան (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (տենոր) և Միլան Սիլյանովը (բաս): Բեմում կլինեն նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, գլխավոր խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան): Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Հանճարեղ Մոցարտի մեծագույն ստեղծագործություններից «Ռեքվիեմը»՝ բոլոր ժամանակների այս ազդեցիկ հոգեհանգստյան մեսսան, Տիրոջն ուղղված ոգեշունչ օրհներգ է, որի խորությունը, դրամատիզմն ու վեհությունը, հուզականությունն ու պայծառությունը անտարբեր չեն թողնում ունկնդրին: «Ռեքվիեմը» Մոցարտի վերջին ստեղծագործությունն է, մեծն կոմպոզիտորի կարապի երգը, որը դարձավ համաշխարհային մշակույթի մեծագույն հուշարձաններից մեկը։
«Ռեքվիեմը» հոգեհանգստյան պատարագ է, որը կատարվում է ավանդական լատինական կրոնական տեքստով: Այն բաղկացած է մի քանի բաժիններից, որոնցից մի քանիսն ընդգրկված են պատարագների մեջ («Kyrie eleison»-«Տեր ողորմիր», «Sanctus»-«Սուրբ», «Agnus Dei»-«Աստծո գառը»), և կան պարտադիր մասեր, որոնք պատկանում են միայն հոգեհանգստյան պատարագին («Requiem aeternam»-«Հավերժական հանգիստ», «Dies irae» և «Tuba mirum»- «Ցասման օր» և «Հրաշափառ փող», որոնցում պատկերված է Տիրոջ ահեղ դատաստանը և «Lacrimosa»-«Լաց»):
Մոցարտն իր «Ռեքվիեմում» երաժշտության միջոցով մարմնավորել է մարդկային հոգու խռովությունը, խաղաղ հանգստությունը, վիշտն և տառապանքը։ Ամբողջ ստեղծագործությունը տոգորված է հումանիզմով, մարդու նկատմամբ ջերմ սիրով, տառապանքների հանդեպ ապրումակցմամբ։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակում ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպություններում նախատեսված միջոցառումների ամբողջական ցանկն՝ այստեղ:
–00—ՅՄ