ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք

Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, դրանց ապօրինի շրջանառության  դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու  նպատակով  ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը պարբերաբար ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախկինում գործող ալկոհոլային խմիչքների արտադրական տարածքում իրականացվում է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրություն։ Օպերատիվ տեղեկությունը փոխանցվել է Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն:

Կեղծ օղիներ արտադրելու և իրացնելու փաստերը բացահայտելու նպատակով ձեռնարկվել են համատեղ համալիր լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հսկիչ գնման արդյունքում ձեռք է բերվել ակցիզային դրոշմանիշերով կամ հսկիչ`  նույնականացման նշաններով չդրոշմավորված 0․7 լ տարողությամբ 10 շիշ ակնհայտ կեղծ օղի։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հետազոտվել է նշված տարածքը, որի արդյունքում հայտնաբերվել են օղու արտադրության կազմակերպման համար նախատեսված սարքավորումներ, տարբեր տնտեսվարողների պիտակներով օղու դատարկ շշեր, խցաններ, ինքնաշեն ֆիլտրեր, տարբեր տարաներով սպիրտային հեղուկներ, 1 տոննա տարողությամբ չժանգոտվող պողպատյա տարա, որը  լցված է եղել սպիրտանման հեղուկով։ Հայտնաբերվել է նաև ակցիզային դրոշմանիշերով կամ հսկիչ նույնականացման նշաններով չդրոշմավորված տարբեր անվանումներով 82 շիշ օղի։

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն, օղիների արտադրությունը հանդիսանում է ծանուցման ենթակա գործունեություն և արտադրողը պարտավոր է օղիների արտադրության համար ներկայացնել ծանուցում՝ վճարելով նաև տարեկան պետական տուրք։

–00—ՅՄ