Այնթապում 72-ամյա տղամարդը հողամասում կանեփ տեսակի բույսեր է աճեցրել․ նա ձերբակալվել է
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում ապրիլի 18-ին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Այնթապ գյուղի 72-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում ունի կանեփ տեսակի բույսեր, ինչպես նաև կանեփից պատրաստված չորացված, մանրացված զանգված:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ավելի քան հինգ գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային տոպրակ ու կանեփի քսան բույս: 72-ամյա տղամարդը հայտնել է, որ զանգվածներն իր տնամերձ հողամասում մշակված կանեփից է պատրաստել:
Այնթապցին ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ