Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը

2025 թվականի ապրիլի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը:

Ջերարդ Լ. Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

ՋԵՐԱՐԴ ԼԵՈՆ ԳԱՖԷՍՃԵԱՆ (1925–2013 թթ.)` ամերիկահայ հայտնի գործարար և բարերար:

Ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, Հայոց ցեղասպանությանը նախորդող տարիներին ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքում: Ավարտելով ավագ դպրոցը ծառայության է անցել ամերիկյան ռազմածովային նավատորմում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին:

Ուսանել է Նյու Յորքի Հանթեր քոլեջում և Սնթ Ջոնս համալսարանի Իրավագիտության բարձրագույն դպրոցում: Եղել է Նյու Յորքի փաստաբանների ասոցիացիայի անդամ:

1950-ական թթ. սկսել է իր երկարամյա մասնագիտական գործունեությունը «Ուեսթ Փաբլիշինգ» հրատարակչությունում և տարիներ հետո ստանձնել ընկերության գործադիր փոխնախագահի պաշտոնը: Հասնելով բիզնես հաջողությունների՝ Գաֆէսճեանը զբաղվել է բարեգործությամբ՝ հիմնականում կենտրոնանալով Հայաստանի վրա։ Նա եղել է Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, զգալի նվիրատվություն է կատարել թանգարանին ու ցեղասպանության զոհերի հուշակոթողի կառուցմանը։

1996 թ. ստեղծել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամը, որի միջոցներով իրագործվել են բազմաթիվ հայրենանպաստ ծրագրեր։ 2009 թ. Երևանի Կասկադ ճարտարապետական համալիրում բացվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը եզակի հարթակ է՝ հանրությանը ներկայացնելու Գաֆէսճեանի մասնավոր հավաքածուի, արվեստի տարբեր ուղղությունների և հայտնի արվեստագետների բարձրաճաշակ ու յուրօրինակ գործերը: Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող համալիրը այսօր դարձել է Երևանի կարևորագույն մշակութային վայրերից մեկը:

Մինեսոտա նահանգում կա մշակութային և պատմական արժեք ներկայացնող կարուսել, որը կրում է Գաֆէսճեանի անունը՝ ի գնահատանք կարուսելի ապամոնտաժումն ու վաճառքը կանխելու նրա ջանքերի։

Դիմերես՝ հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան), «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» և «GRATITUDE» մակագրությունները:

Դարձերես՝ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի դիմապատկերը և «Կրկեսային շքերթ Պարկ սիթիում» ոսկերչական իրի պատկերը (հեղինակ` Մ. Ռիկեր):

Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը               10 000 դրամ

Մետաղը/հարգը                          ոսկի 9000

Քաշը                                                                  8,6 գ

Տրամագիծը                                   22,0 մմ

Որակը                                                պրուֆ

Դրամաշուրթը                               ատամնավոր

Թողարկման քանակը               300 հատ

Թողարկման տարեթիվը         2025

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար:

«Դրամագետ» վաճառասրահում ներկայացված դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

–00—ՅՄ