Տիգրան Սարգսյանի ղեկավարած հիմնադրամը ֆինանսավորել է առաջին ծրագիրը Հայաստանում

 

ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) փոխնախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարած Թվային նախաձեռնությունների հիմնադրամը ֆինանսավորել է իր առաջին ծրագիրը Հայաստանում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: Դրամաշնորհը ստացել է «ԷԿԵՆԳ» ընկերությունը, որպեսզի իրականացնի Հայաստանի տրանսպորտային միջոցների համար էլեկտրոնային անձնագրերի ներդրման պրոյեկտը:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բոլոր երկրները 2020 թվականի նոյեմբերի 1-ից անցել են էլեկտրոնային տրանսպորտային միջոցների անձնագրերի համակարգին: Այն պարունակում է նույնականացման և տեխնիկական տվյալներ (ընդհանուր առմամբ 100-ից ավելի չափորոշիչ) մեքենայի և այլ տրանսպորտային միջոցների մասին: Դրա հիման վրա տրանսպորտային միջոցը կանգնում է հաշվառման՝ փոխարինելով թղթային տարբերակին:
Այս ծրագրի շնորհիվ տրանսպորտային միջոցի մասին ավելի շատ տեղեկատվությունը թույլ է տալիս ստեղծել ավելի ամբողջական պատմություն, այն ստեղծվում է մեկ անգամ, պահվում է անվտանգ տվյալների բազայում, չունի գործողության ժամկետ և չի կարող կորցնել, վնասվել, գողացվել կամ կեղծվել:

Նմանատիպ համակարգեր արդեն ստեղծվել են Ռուսաստանում, Ղազախստանում և Բելառուսում։ 2024 թվականին ԵԶԲ-ի աջակցությամբ համակարգի ներդրումը սկսվել է Ղրղզստանում:

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած հիմնադրամը զբաղվում է ԵԱՏՄ անդամ երկրներում թվային նախաձեռնությունների ստեղմամբ ու աջակցմամբ: Իբրև օրինակ պետք է նշել 2020 թ-ին աշխարհում բռնկված կորոնավիրուսային համաճարակի ժամանակ ստեղծված «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հավելվածը, որի շնորհիվ Ռուսաստանը բացեց օդային սահմանները Հայաստանի ու բազմաթիվ այլ երկրների հետ:

–00—ՍՊ