24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Այսօր առավոտյան մի խումբ արցախցիներ, որոնք աչքի են ընկնում իրենց պրոիշխանական կեցվածքով և, ըստ որոշ լուրերի, կապ ունեն Արցախի ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ակցիա էին իրականացնում Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության առջև՝ պահանջելով վերադարձնել Արցախի հիմնադրամի «թալանը»:
Նրանք մեղադրում էին, թե Արցախի պաշտոնյաները զբաղվել են «թալանով» ու յուրացրել Նիկոլ Փաշինյանի (ՀՀ կառավարության) ուղարկած փողերը: Այս խմբի մեջ հատկապես ագրեսիվ վարքով էր աչքի ընկնում ակտիվիստ Նահապետ Սարգսյանը, որը հրել էր 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին ու վիրավորել իր մասնագիտական պարտքը կատարող մեր գործընկերոջը:
24News-ը պարզեց, որ ուրիշներին «թալանի» մեջ մեղադրող ու խուլիգանական վարքագծով աչքի ընկած սույն անձն ինքն է 15 մլն դրամ 2021 թ-ի օգոստոսի 26-ին վերցրել հիմնադրամից ու մինչև այսօր վերադարձրել …0 դրամ: Ավելին, այդտեղ հավաքվածներից Յուրի Մուսայելյանն, օրինակ, 2020-ի հուլիսին վերցրել է 30 մլն դրամ ու վերադարձրել … 2324 դրամ:
Նրա ընտանիքի անդամներից Արմինե Մուսայելյանը 2021-ին վերցրել է 11.5 մլն դրամ ու ոչինչ չի մարել, իսկ Անդրեյ Մուսայելյանը 2020-ին ստացել է 5 մլն դրամ ու կրկին ոչինչ չի մարել: Ստացվում է, որ իբր թալանի դեմ պայքարող պրոիշխանական այս հավաքի շատ մասնակիցներ իրենք են լիուլի օգտվել հիմնադրամի գումարներից, սակայն այսօր հավաքվել էին Արցախի ներկայացուցչության առջև, որպեսզի լուծեն քաղաքական խնդիր:
–00—ՍՊ