Մեծ Այրումի ակտիվիստները հանդիպել են տեղի ոստիկանապետի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

օլեգ

Բնապահպան Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է, որ տեղեկություն ունի՝ ոստիկանության Թումանյանի բաժնի պետը ցանկանում է հանդիպել Մեծ Այրումի ակտիվիստների հետ, որոնք երեկ փակել էին ճանապարհը և թույլ չէին տալիս, որ բարձրացվի պոչամբարի պատվարը: Բնապահպանը նաև հայտնել է, որ արդեն այցելել է Մեծ Այրում:

«Այդ հանդիպման ժամանակ նաև տուգանքների մասին է խոսվել, ասել են, որ կարող են մարդիկ տուգանվել մեքենան ոչ սահմանված վայրում կանգնեցնելու համար...

Քաղաքացիները պնդել են, որ իրենք իրենց պահանջների տերն են, այսինքն՝ իրենց պահանջն է՝ օր առաջ ռեկուլտիվացնել պոչամբարը:

Եթե այնուամենայնիվ պոչամբարը պետք է շահագործվի, բնակիչներն այդ ժամանակահատվածի համար փոխհատուցում են պահանջում շահագործող ընկերությունից»,-ասել է բնապահպանը:

Օլեգ Դուլգարյանը նաև տեղեկացրել է, որ ոստիկանության պետը հորդորել է քաղաքացիներին, որ եթե ուզում են պոչամբարի պատվարի բարձրացման հետ կապված իմանալ՝ ամեն ինչ օրինական է, թե՝ ոչ, ապա պետք է դիմում կազմեն, և ոստիկանությունը դրանով կզբաղվի:

«Այնինչ  ցանկանում եմ նշել, որ հանրային բնապահպանական դատարանի կողմից իրականացված վճիռը, որտեղ արտացոլված են պոչամբարի շահագործման բոլոր խախտումները, ուղարկվել են ՀՀ դատախազություն»,-նշել է բնապահպանը, ապա հավելել, որ գյուղի ակտիվիստները վճռական են տրամադրված եւ շարունակում են փակ պահել դեպի «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ախթալայի ԼՀԿ-ն ցանկանում է բարձրացնել պոչամբարի պատվարը, ինչին դեմ են գյուղի բնակիչները, քանզի պատվարի բարձրացումը կատարվում է առանց հաստատված նախագծի, այն ինչ նախագծով պոչամբարը պետք է արդեն վաղուց ռեկուլտիվացված լիներ, և գյուղացիները դեմ են պատվարի անօրինական բարձրացմանն ու հետագա շահագործմանը։ Պահանջում են օր առաջ ռեկուլտիվացնել պոչամբարը։