Արցախի ԱԺ նախագահի թեկնածուն հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

արայիկ

ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ,

Քիչ առաջ Շուշի քաղաքի մշակույթի պալատում ավարտվեց «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստը, որտեղ կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար մեր քաղաքական թիմի կողմից առաջադրվելիք թեկնածուներից առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը:

Նիստում որոշում է կայացվել նաև ձևավորվելիք խորհրդարանում մեր քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանին:

Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվի Նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության և սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար:

Մնացած նշանակումների մասին՝ հերթով՝ առաջիկայում»:

Նշենք, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ»-ն նիստ էր անցկացնում, որի ընթացքում պետք է որոշվեր՝ դաշինքի ցուցակով պատգամավորության մանդատ ստացածներից ովքեր են առաջադրվելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնի և մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերի համար: