Ուհանի շուկան հաստատ ինչ-որ դեր է ունեցել, բայց թե ինչ դեր, չգիտենք. ԱՀԿ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

ուհան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չունի հաստատված տեղեկատվություն, որ չինական Ուհանի շուկան է դարձել կորոնավիրուսային հիվանդության առաջին աղբյուրը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի սննդամթերքի անվտանգության փորձագետ Փիթեր Բեն Էմբարեկը, փոխանցում է Reuters-ը:

«Այդ շուկան հաստատ ինչ-որ դեր է խաղացել՝ կամ որպես բռնկման աղբյուր, կամ գործոն՝ հիվանդության տարածման ժամանակ: Բայց թե կոնկրետ ինչ դեր է խաղացել, մենք չգիտենք»,- նշել է փորձագետը:

Նա չի բացառել այն, որ գնորդներից կամ վաճառողներից մեկը կարող էր վիրուսը իր հետ բերել շուկա՝ այդպիսով տարածելով հիվանդությունը բնակչության շրջանում:

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի վերջին հաղորդվել էր, որ Ուհանի հիվանդանոցներում չկա COVID-19-ով վարակված պացիենտ:

Նշենք, որ ամբողջ աշխարհում կա կորոնավիրուսի գրանցված 4 016 006 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 276 269-ի: Կորոնավիրուսից բուժվել է 1 387 527 մարդ: