Ծաղկաձորի բնակչի «Նիվայից» առգրավվել է որսորդական հարթափող 2 հրացան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

նիվա

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության բաժնի աշխատակիցները որսագողության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող հերթական ստուգայցի ընթացքում 2020 թվականի մայիսի 2-ին ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան համայնքի հարակից տարածքում կանգնեցրել են ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի բնակիչ Կ.Ա-ին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը որսաշրջանի ժամկետներից դուրս գտնվել է որսահանդակում՝ խախտելով «Որսի և որսորդական տնտեսության վարման կարգի մասին» ՀՀ օրենքի 21.1 հոդվածի 7-րդ կետի պահանջները։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Առգրավվել է 2 հատ որսորդական հարթափող հրացան։ Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2019 թվականի օգոստոսի 20-ի թիվ 279 Ն հրամանի՝ սիրողական որսաշրջանն ավարտվել է 2020 թվականի փետրվարի 29-ին:

Տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել կենդանական աշխարհը։

Ստուգայցերը շարունակվում են։