Ի՞նչ է պետք տնտեսվարողին COVID-19-ի շրջանում գործը վերսկսելու համար. հարցաշար են լրացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

արսեն

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ուսումնասիրություն է նախաձեռնել ամենատարբեր ոլորտները ներկայացնող իր անդամների շրջանում տնտեսվարողների մոտ թագավարակի պանդեմիայով պայմանավորված իրավիճակը և գործունեությունը վերսկսելու հնարավորությունները պարզելու համար։

Բաժանված հարցաշարում ներառված են բազմաթիվ արդիական հարցեր, որոնք մասնավորապես վերաբերվում են գործունեության վայրում իրականացվող անվտանգության և հակավարակային գործընթացներին, ընկերությունների կրած տնտեսական դժվարություններին, ստեղծված իրավիճակում տնտեսվարման նորամուծություններին, աշխատատեղերի պահպանման հնարավորություններին։ Հարցման մասնակիցներն իրենց տեսակետները կհայտնեն նաև այն կարևոր նպատակների առնչությամբ, որոնց ներկայումս պետք է հետամուտ լինի գործադիր իշխանությունը, այդ ուղղությամբ ակնկալվող քայլերը, գործարարների առաջնահերթ անելիքները և այլն։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ՀԱԳՄ նախագահության անդամներին ուսումնասիրության նպատակները  ներկայացնելիս նշեց, որ հարցման արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի առավել հանգամանալի պատկեր և մանրամասն տեղեկություններ ստանալ հետագա վերլուծությունների, առաջարկների և քայլերի համար։